Երեւանի նոր տրանսպորտային ցանցը կհամալրվի եւս 100 ավտոբուսով: Սեղմված բնական գազով աշխատող 12 մետրանոց ցածրահատակ ավտոբուսները կգնվեն Հայաստանի, «Երեւանի ավտոբուս» ընկերության եւ Վերակառուցման ու զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) միջեւ վարկային եւ դրամաշնորհային համաձայնագրերի կատարման արդյունքում:
Այսօր տեղի է ունեցել «Երեւանի ավտոբուսների ծրագիր» ֆինանսավորման եւ իրականացման վարկային չորս համաձայնագրերի ստորագրման պաշտոնական արարողությունը: Վարկային, դրամաշնորհային ծրագրի աջակցության ու ծրագրի համաձայնագրերը ստորագրել են Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը, ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը, ՎԶԵԲ հայաստանյան գրասենյակի ղեկավար Դմիտրի Գվինդաձեն եւ «Երեւանի ավտոբուս» ՓԲԸ տնօրեն Էլբակ Թարփոշյանը:
Ավտոբուսների ձեռքբերման համար կհատկացվի €25 մլն, որից €20 մլն՝ ՎԶԵԲ կողմից վարկային միջոցներ եւ €5 մլն՝ Արեւելյան Եվրոպայի էներգախնայողության եւ շրջակա միջավայրի գործընկերության (E5P) կողմից դրամաշնորհային միջոցներ:
«Ծրագրով գնվելիք 100 ավտոբուսները կմիանան արդեն իսկ համայնքային միջոցներով ձեռքբերված 311 ավտոբուսներին՝ սպասարկելով Երեւանի նոր տրանսպորտային ցանցը»,- հայտնել են Երեւանի քաղաքապետարանից:
Կարդալ աղբյուրում
0